Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին

Armenpress 09:35, 24 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների շարքում էին նաև հայ մարզաշխարհի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արդեն ծանոթ լինելով եվրոպական կրթական ավանդույթներին ու սկզբունքներին` Արեւմտյան Հայաստանում մեծ վերելք է ապրել մարզական կյանքը: Բավական է ասել, որ Կոստանդնուպոլսից մինչև Վան, Տրապիզոնից մինչև Ադանա հայկական տասնյակ մարզական ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ էին ի հայտ եկել:  

Օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության մասնակցության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը Ստոկհոլմի 1912 թ. հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրեցին Օսմանյան Թուրքիան: Շատ հայկական թիմեր ու անհատներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում:  1911-1914 թթ. անցկացվեցին չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` մասնակցությամբ բոլոր հայկական մարզական ակումբների: Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով:  Հայկական առանձին ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը չիրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի և այդ ընթացքում հայերի դեմ իրագործված եղեռնի պատճառով, որի ընթացքում հայ մարզիկները ևս զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am