ՀՀ փաստաբանների պալատի նախագահը ARMLEGAL EXPO-ի նպատակներից է համարում իրավունքի գերակայության հանրահռչակումը

Armenpress 21:45, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատն ապրիլի 23-ին կազմակերպել է  փաստաբանական գրասենյակների ցուցահանդես՝ «Իրավունքը զարգացման գրավական» կարգախոսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ARMLEGAL EXPO ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան  երեք տասնյակ մեծ ու փոքր փաստաբանական գրասենյակներ, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատը և հանրային իրավական ծառայություններ մատուցող կառույցներ (Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի Հանրապետության նոտարների պալատը, «Իրավունքի պաշտպան» միավորումը, Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը, Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիան, Հայաստանի արտոնագրված թարգմանիչների միությունը):

Ցուցահանդեսին աշխատանքներին ծանոթացել են մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Ազգային ժ֊ողովի պատգամավորներ Արթուր Դավթյանը, Տարոն Սիմոնյանը և այլք:

Միջոցառումն ավանդական դարձնելու ՀՀ փաստաբանների պալատի տեսլականը ներկայացրել է պալատի նախագահ Արա Զոհրաբյանը. «Այս քայլով Փաստաբանների պալատը նպատակ է դնում Հայաստանում զարգացնել փաստաբանական գրասենյակների ստեղծման մշակույթը, փաստաբանության մեջ զարգացնել թիմային աշխատանքը՝ թիմ, որտեղ կարող են լինել տարբեր կարծիքներ, քանի որ լավագույն արդյունավետ լուծումը միայն թիմային աշխատանքով կարելի է գտնել: ARMLEGAL EXPO ցուցահանդեսի նպատակներից հաջորդն իրավունքի գերակայության հանրահռչակումն է: Արձանագրեմ նաև, որ փաստաբանի մասնագիտությունն այն տեսակն է, որը ամենաշատն է պայքարում իրավունքի գերակայությանը հասնելու համար»:

Արա Զոհրաբյանն առաջ է քաշել Հայաստանն իրավունքի զարգացած կենտրոններից մեկը դարձնելու գաղափարը և որպես դրան ուղղված առաջին քայլ՝ մատնանշել ARMLEGAL EXPO-ի կազմակերպումը:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ողջունելով փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսը հայտնել է. «Նման միջոցառումները լայն հնարավորություն են ընձեռում առանձին փաստաբանական գրասենյակների ձևավորած լավագույն ավանդույթներին ծանոթանալու և դրանք տարածելու համար: Մեր երկրի ժողովրդավարության արժեքների կայացման և զարգացման  գործում շատ կարևոր է փաստաբանների դերը»:

Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին կազմակերպվել են մասնագիտական քննարկումներ տարբեր իրավական թեմաներով, լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ, որի հաղթողները պարգևատրվել են դրամական մրցանակներով, ինչպես ՀՀ փաստաբանների պալատի, այնպես էլ փաստաբանական գրասենյակների կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am