1000х90.jpg (78 KB)

Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեդիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությանը

Armenpress 17:31, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության Սոդերթայլե քաղաքի  քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորած պատվիրակությանը, որի կազում էին քաղաքային խորհրդի անդամներ Լինդա Սյոգրենն  ու Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը։ Հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ Հայ Դատի  Եվրոպայի հանձնախմբի միջնորդությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  նախարար Պապիկյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նրանց Շվեդիայի  Թագավորության խորհրդարանի և  Սոդերթայլեի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած անուրանալի ներդրման, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերին նվիրված ամենամյա հիշատակման միջոցառումներ կազմակերպելու համար։ Հայ-շվեդական միջպետական հարաբերությունների կայուն զարգացման համատեքստում նախարարն առանցքային է համարել նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային համագործակցության օրակարգի ընդարձակումն ու գործընկերության նոր հորիզոնների ուրվագծումը։

Սոդերթայլեի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում դեռևս նախորդ տարի սկիզբ դրված համակարգային փոփոխություններն ու երկրի զարգացման միտումները հայ-շվեդական երկկողմ կապերի շարունակական զարգացման հիանալի հնարավորություն են ընձեռնում։

Սուրեն Պապիկյանն իր երախտագիտությունն է հայտնել Սոդերթայլեի քաղաքային իշխանություններին կրթադաստիարակչական բնագավառներում հայ համայնքի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության ու հոգատարության համար և ընդգծել, որ ցեղասպանությունը վերապրած ժողովրդի համար չափազանց կարևոր է իր պատմական հիշողությանը  հաղորդակցվելու, իր մայրենի լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու հնարավորություն ունենալ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am