Ռուստամ Բաքոյանը կարևորել է Հայոց եղեռնի ճանաչման գործընթացն ու ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը

Armenpress 16:45, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ապրիլի 23-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանից ժամանած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հյուրերը Հայաստանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ:

Ռուստամ Բաքոյանը կարեւորել է Հայոց եղեռնի ճանաչման գործընթացը եւ ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը: Պատգամավորը նշել է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է եւ դրա դեմ պայքարը պետք է սկսել ամենաստորին մակարդակներից` չթողնելով, որ ատելությունն ու անհանդուրժողականությունը արմատավորվեն հասարակություններում:

Ռուստամ Բաքոյանն անդրադարձ է կատարել Իրաքի Սինջար նահանգում տեղի ունեցած եզդիների ցեղասպանությանը՝ պատվիրակության անդամներին հորդորելով իրենց հերթին քայլեր ձեռնարկել` բացառելու Իրաքում եզդիների հանդեպ խտրականությունն ու անհանդուրժողականությունը:

Պատվիրակության ղեկավար Ռամիկ Ռամազան Կադիրը, ով Քուրդիստանի Չամչամալի քաղաքապետն է, խոսել է 1988 թվականին Սամադ Հուսեինի կողմից Իրաքյան Քուրդիստանում իրականացված «Անֆալ» օպերացիայի մասին, որի հետեւանքով շուրջ 50.000 մարդ է ցեղասպանվել:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ քայլեր իրականացնել ցեղասպանությունների դեմ պայքարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am