1000х90.jpg (78 KB)

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կգործի Թումանյանին և Կոմիտասին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

Armenpress 16:44, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մինչ ամռան վերջ կգործի «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն, որը կհանրահռչակի ցեղասպանության պատմության հետ նրանց առնչությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությունը կայացավ ապրիլի 23-ին:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Ցուցադրությունը նվիրված է Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին։ Նման խորագիր է ընտրվել, քանի որ երկուսն էլ լինելով շատ լավ ընկերներ, բարեկամներ, մեծ շփումների եզրեր են ունեցել Հայոց ցեղասպանության տարիներին: Ցուցադրությանը չենք անդրադառնում նրանց գրական, երաժշտական վաստակին, այլ առանցը Հայոց ցեղասպանությունն է ու նրանց առնչությունը»,-ասաց թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն ու նշեց՝ նրանց ստեղծագործությունների կողքով անհնար է անտարբեր անցնել:

Ցուցադրությունը բացվել է թանգարան-ինստիտուտ հիմնադրամի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանի ջանքերով։ Նա նկատեց՝ այսօր ողջ հայությունն է նշում Կոմիտաս Վրադապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-երրորդ տարելիցը: «Եվ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը ոչ միայն չէր կարող անմասն մնալ, այլ շատ կարևոր առաքելություն ուներ այս ուղղությամբ:  Ցուցադրության խորագիրն ինքնին հուշում է դրա նպատակը: Ցուցադրությունն ունի բովանդակային երկու հիմնական ուղղվածություն: Նախ` լուսաբանվում են երկու հանճարների և բարեկամական և ստեղծագործական առնչությունները, ապա առավել շեշտադրված Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների հետ վերջիններիս ունեցած անմիջական կապը»,-ասաց Պարսամյանը:

Ցուցադրության բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Քանի որ Թումանյանը և Կոմիտասն առնչություն են ունեցել նաև ցեղասպանության թեմային, այս ցուցադրությունը նաև դրանով է կարևոր: Այստեղ ցուցադրված է նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը, և ցեղասպանության ազդեցությունը նրանց գործունեության վրա: Խորհրդանշական է, որ ցուցադրությունը բացվում է ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին, և վստահ եմ, որ վաղը մեր շատ հայրենակիցներ նաև կլինեն այս թանգարանում և կծանոթանան այդ գործունեությանը»,-նշեց նախարարը:

Ցուցադրության մեջ ներառված են ինչպես «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, այնպես էլ ՀՀ տարբեր արխիվների ու թանգարանների ֆոնդերում պահվող բնօրինակ նյութեր, բացառիկ կադրեր: Առաջին անգամ ցուցադրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած բիթլիսցի Աղավնի Մկրտչյանի տեսաձայնագրությունից հատված՝ Հովհաննես Թումանյանի՝ 1915 թվականին  Էջմիածնում գաղթականներին օգնություն կազմակերպելու մասին: Ներկայացված բացառիկ բնօրինակ նյութերի մեջ առանձնահատուկ է 1915-ի ապրիլին Չանկըր աքսորված և սպանված մտավորականներից Վարդերես Աթանեսյանի՝ աքսորի ընթացքում պատրաստված և մեզ հասած ուլունքաշար-համրիչը՝ բախտակից աքսորյալ 99 մտավորականների անունների փորագրությամբ, ի դեպ՝ առաջին հատիկի վրա Կոմիտաս Վարդապետի անունն է:

Ցուցադրությունն ուղեկցվեց Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Կոմիտասի համանուն անավարտ օպերայի երաժշտությամբ: Ցուցադրության բացումից հետո Հիշողության պուրակում տեղի ունեցավ եղևնիներ տնկելու հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանների: Եղևնիները տնկեցին Հովհաննես և Սողոմոն անուններով երեխաներ: Ցուցադրությունը կգործի մինչ այս տարվա օգոստոսի 30-ը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am