ՀՖՖ-ն խոստորեն դատապարտել է «Բանանց»-ին

Armenpress 22:40, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է «Բանանց»-ի՝ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափկիչի խաղից հրաժարվելու փաստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը: Որևէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որևէ մեկը նաև իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը: Մրցավարների ընտրությունը և նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է: Համապատասխան պատժամիջոցները կսահմանվեն ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից՝ գործող կանոնակարգի համաձայն»:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բանանց»-ը տեխնիկական պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից: Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղի մեկնարկում «Բանանց»-ի ֆուտբոլիստները դուրս եկան մարզադաշտ, ողջունեցին «Լոռի»-ի ֆուտբոլիստներին: Այնուհետև «Բանանց»-ի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը լքեցին մարզադաշտը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am