Ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու մեջ կասկածվողին ներկայացրել են բաժին

Armenpress 21:53, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանության և ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, ապրիլի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Քարինջ գյուղի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1987թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 0.6 խմ փայտանյութով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Սամվել Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, կտրել է 2019թ. ապրիլի 19-ին բենզասղոցով, Քարինջ գյուղի հարակից անտառից կաղնի տեսակի, քամուց տապալված ծառից: 

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am