Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ «Կանանց տեղը քաղաքականությունում է» խորագրով քննարկում
ԳՅՈՒՄՐԻ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Վերջին տարիներին կանանց ներկայացվածությունն ու դերը Հայաստանի քաղաքական կյանքում ավելի է մեծացել, սակայն որոշակի խնդիրների առկայությունը հետ է պահում շատերին քաղաքական ասպարեզից: Ապրիլի 22-ին այս և մի շարք այլ հարցեր քննարկվեցին Շիրակի մարզպետարանում՝«Կանանց տեղը քաղաքականությունում է» խորագիրը կրող հանդիպում-քննարկման ժամանակ:
Հանդիպման ընթացքում մարզպետարանի տարբեր բաժիններ ներկայացնող կին ղեկավարները ներկայացրեցին իրենց փորձը և կառավարման ոլորտում առաջ եկած խնդիրները: Միջոցառման կազմակերպիչ՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունը ծրագրի շրջանակներում մշակել է հանդիպումների շարք ոչ միայն քաղաքականության, այլ նաև կառավարման և հասարակական ոլորտներում կին ղեկավարների հետ:
«Այս հանդիպումներով նպատակ ունենք Շիրակի մարզի կանանց ու աղջիկների գիտելիքները խորացնել, խոսել կնոջը քաղաքականություն տանող ճանապարհներին առաջ եկած խնդիրների ու դրանց հաղթահարման ուղիների մասին: Նմանատիպ հանդիպումները նաև կոգևորեն շատերին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության պատասխանատու Կարինե Դավթյանը՝ տեղեկացնելով, որ հանդիպումների ավարտին 5 ենթադրամաշնորհային գումար կտրամադրվի համայնքային խնդիրների լուծման համար: Ենթադրամաշնորհը տրամադրելիս առաջնահերթությունը կտրվի համայնքային առավել կարևոր խնդիրներին: