ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Armenpress 19:19, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն  դատական խորհրդի ապրիլի 22-ի նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը քննարկման է ներկայացրել Արա Զոհրաբյանի՝ Խորհրդին ուղղված գրությունը, որում ներառված էին փաստաբանների որոշ դիտարկումներն ու առաջարկությունները՝ արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպման առնչությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Բարձրացված խնդիրների վերաբերյալ կայացավ կառուցողական քննարկում, հնչեցին առաջարկներ, ընդունվեցին համապատասխան որոշումներ։

Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ՝ քննարկման ընթացքում ներկայացված մի շարք հարցերի ուղղությամբ կատարելու լրացուցիչ ուսումնասիրություններ ու վերլուծություններ և դրանք ներկայացնել Խորհրդին։

Արձանագրվեց նման քննարկումների կազմակերպման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք դարձնել պարբերական:

Որպես օրակարգային հարց՝ Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձավ նաև Բարձրագույն դատական խորհրդի, դատավորների, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների միջև պետական բյուջեով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների հատկացման խնդրին։

Խորհուրդը գտավ, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ   Բարձրագույն դատական խորհրդի  և դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների ֆոնդերի և յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am