Գաբրիել Ղազարյանը հանդիպել է բռնցքամարտի հավաքականների մարզիչներին

Armenpress 17:24, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող, նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գաբրիել Ղազարյանը մարզիչներին հորդորել է շարունակել բնականոն մարզումները՝ ուսումնամարզական հավաքներում ընդգրկելով Հայաստանում մարզվող բոլոր հեռանկարային մարզիկներին: «Անելու ենք առավելագույնը, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակն իր բացասական ազդեցությունը չթողնի մարզիկների ուսումնամարզական գործընթացի վրա: Ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցումից հետո քննարկումներ ենք կազմակերպել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, որի աջակցությամբ էլ կկազմակերպվեն մարզիկների մարզումների անընդհատությունն ապահովելու և նրանց միջազգային մրցաշարերին մասնակցելու գործընթացները: Հունիսին կայանալիք Եվրոպական խաղերից առաջ պետք է լավ մարզվել՝ մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնելու համար»,- ասել է Ղազարյանը: 

Նախարարի առաջին տեղակալը հավաքականների մարզիչներին առաջարկել է երկօրյա ժամկետում նախարարություն ներկայացնել 2019 թվականի մարզական միջոցառումների օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների նախահաշիվները՝ համապատասխան գրությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին փոխանցելու համար: 

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am