Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել անչափահասների գործերով ծառայողների հետ

Armenpress 16:40, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ապրիլի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են  ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ինչպես և նույն վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները։

Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալներ ու կատարել համեմատական վերլուծություն՝ դրական գնահատելով ծառայության աշխատանքը։

«Պետք չէ ձեռք բերածով բավարարվել, այս ոլորտում մենք միշտ անելիքներ ունենք․ անտարբերությունը անչափահասի նկատմամբ անտարբերություն է ապագայի հանդեպ»,-ընդգծել է ոստիկանության պետը։

Վալերիյ Օսիպյանը կարևորել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որոնց ակտիվացման ուղղությամբ տվել է կոնկրետ ցուցումներ։ Այս համատեքստում ոստիկանության պետը հանձնարարել է մշակել կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագիր, որի իրականացմանը պետք է ներգրավվեն պետական այլ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, ինչպես և ծնողներն ու ուսուցիչները։

Ոստիկանության պետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել այն միջոցառումներին,որոնք միտված են անչափահասներից կազմված հանցավոր խմբերի ձևավորման բացառմանը՝ ընդգծելով, որ թերացողներին չի հանդուրժի, իսկ սրտացավ ծառայողներին սիրով կպարգևատրի։ Այս առումով Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է օրակարգային դարձնել անչափահասների զբաղվածությամբ հետաքրքրվելը, նրանց շրջապատն ուսումնասիրելը՝ կանխարգելիչ միջոցառումներն առավել ճշգրիտ կազմակերպելու և իրականացնելու համար։ 

Աշխատանքային խորհրդակցությունը շարունակել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։ Արման Սարգսյանը ներկաների հետ քննարկել է ոստիկանության պետի հանձնարարած կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագրի մշակմանը վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել նաև անչափահասներին հանցագործությունների մեջ ներգրավելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների անելիքները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am