Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ամփոփում է Ազգային գրադարանային շաբաթը

Armenpress 16:05, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Ազգային գրադարանային շաբաթը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, ամենամյա մասնագիտական միջոցառումներն այս տարի նվիրված էին բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտասի 150 ամյակներին:

Կազմակերպվեցին ցուցահանդեսներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ ու երաժշտական ունկնդրումներ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Թումանյանին ու հայկական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին: ԱԳՇ-ի շեշտադրումներից էին հայ երիտասարդ գրողների մասնակցությամբ հանդիպում-քննարկումները:

Շաբաթի ընթացքում գրադարան այցելած դպրոցականներն ու ընթերցողները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ծանոթանալու մեծ ազգակիցների ստեղծագործություններին, իսկ ժամանակակից հեղինակների հետ քննարկեցին նրանց գործերը՝ ստանալով մշակութային ճիշտ արժեքները գնահատելու և նրանց հետևելու հմտություններ:

«Շաբաթ»-ը նշանավորվեց նաև մասնագիտական փոխայցելություններով. Ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի ազգային գրադարան, եղան մայրաքաղաքի Աջափնյակի գրադարանների կենտրոնացված համակարգի, Ավետիք Իսահակյանի անվան և Նոր Նորքի կենտրոնական, Շենգավիթի թիվ 32 գրադարաններում, ինչպես նաև այցելեցին Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող փոքրիկներին:

Գրադարան այցելեցին հարյուրավոր աշակերտներ Երևանի 19 դպրոցներից, ինչպես նաև բազմաթիվ ծնողներ, ուսանողներ և մանկավարժներ: Մասնագիտական փոխայցելության շրջանակում գրադարանը հյուրընկալեց տարբեր գրադարանների.տասնյակ մասնագետների: 

   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am