ԱՄՆ-ում աճուրդով վաճառել են Ջոն Լենոնի դաշնամուրը

Armenpress 12:23, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնամուրը, որով նվագել Է The Beatles խմբի հիմնադիրներից մեկը՝ Ջոն Լենոնը (1940 – 1980), վաճառվել Է Gotta Have Rock and Roll ընկերության կազմակերպած ցանցային աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության պաշտոնական կայքում:

Նյու Յորքում հաստատված ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երաժշտական գործիքը պատրաստվել Է մոտավորապես 1872 թվականին: Ենթադրվում Է, որ Լենոնը դաշնամուրը ձեռք Է բերել 1966 թվականին, այն տարբեր ժամանակներում գտնվել Է Մեծ Բրիտանիայում նրա երկու տներում: Ընկերության փորձագետների պնդմամբ՝ Լենոնը դրանով իմպրովիզացիաներ Է արել, երբ երգեր Է գրել: Դրանցից մի քանիսն ավելի ուշ տեղ են գտել Sgt. Pepper՚s Lonely Hearts Club Band (1967) ալբոմում: Ինչպես հաղորդվում Է Gotta Have Rock and Roll-ի կայքում, ընկերության փորձագետները հույս ունեին այդ լոտից ստանալու 800 հազարից մինչեւ 1,2 միլիոն դոլար: Այն վաճառվել Է 575 հազար դոլարով, ըստ որում գնորդը նաեւ վճարել Է աճուրդային տուրքը՝ նշված գումարի 25 տոկոսի չափով: Երաժշտական գործիքների ամերիկացի հավաքորդ Ջիմ Իրսեյը Twitter-ում գրել Է, որ նոր տերը դարձել Է ինքը: Forbes հանդեսի գնահատումներով՝ Իրսեյը 2,7 միլիարդ դոլարի չափով կարողության տեր Է: Նրա հավաքածուի մեջ են մտնում, մասնավորապես, կիթառներ, որոնք պատկանել են Լենոնին, Ռինգո Սթարին եւ Բոբ Դիլանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am