Կառավարությունը առաջարկել է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում

Armenpress 11:36, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին Ազգային ժողովում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:

««Ավտոմոբիլային ճանապարհների մասին»  ՀՀ գործող օրենքով  արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը` 11.5 տոննա կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության, իսկ սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց հատուկ թույլտվության:

Արգելքը չի տարածվում կշռային ցուցանիշները գերազանցող ծանրաքաշ չմասնատվող բեռների վրա և նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկության երթուղու համար տրամադրել մեկանգամյա թույլտվություն և սահմանել պետական տուրք, քանի որ փոխադրվող բեռն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի:

Նախագծով նախատեսվում է թույլտվության տրամադրման կարգի, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաեւ  մեծ եզրաչափերի  առավելագույն չափերի  սահմանման լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը»,- ասաց Բադալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am