1000х90.jpg (78 KB)

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը

Armenpress 10:38, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021թ.:

«2017թ. հունվարի 1-ին ավարտվել է լեհական PVPV ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետը: Այս պայմանագրով ընկերությունը ՀՀ-ին էր մատակարարում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի բլանկներ, ինչպես նաև Հայաստանում շահագործման է հանձնվել կենսաչափական անձնագրերի համակարգը: Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, սակայն նոր մատակարարի հետ նոր պայմանագիր չի կնքվել: Գնման ընթացակարգի, ինչպես նաև նոր համակարգի ներդրման և շահագործման համար պահանջվելու է տևական ժամանակահատված, մեր գնահատմամբ՝ մինչև 2 տարի ժամկետ: Ուստի, կառավարությունն առաջարկում է հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021թ.: Այս փոփոխությունը հնարավորություն կտա անխափան կերպով շարունակել ՀՀ քաղաքացիների անձնագրավորման գործընթացը»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նա նշեց, որ օրենքի նախագծով այլ փոփոխություններ նախատեսված չեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am