«Նոր ալիք 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Տյոմ Հակոբյանը

Armenpress 22:27, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում, որն այս տարի կանցկացվի օգոստոսին Ռուսաստանի Սոչի քաղաքում, Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգիչ Տյոմը, որը երաժշտասերների լայն շրջանակին հայտի է «Իքս ֆակտոր 4» նախագծից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգիչն այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձի միջոցով: «Ողջունում եմ բոլոր հայրենակիցներիս: Արդեն երեք օր է՝ գտնվում եմ Մոսկվայում: Երկու բավականին ծանր օր եմ անցկացրել, քանի որ մասնակցում էի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչին: Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես: Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ ես»,-տեսաուղերձում ասում է երգիչը: Նա դիմում է երկրպագուներին՝ ընգգծելով, որ ակնկալում է նրանց աջակցությունը: 2002 թվականից անցկացվող մրցույթի ստեղծման գաղափարը երաժիշտներ Իգոր Կրուտոյինն ու Ռայմոնդ Պաուլսինն է: Մրցույթը նպատակ ունի բացահայտել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների տաղանդավոր երգիչներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am