Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային

Armenpress 16:17, 21 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձան: Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այդ սարսափելի ոճրագործությունները և վերահաստատում իր հանձնառությունը՝ միջազգային հանրության հետ համատեղ պայքարելու մեր օրերում ահագնացող այդ չարիքի դեմ: Շրի Լանկայի համար այս դժվարին պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am