ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Armenpress 17:36, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ապրիլի 20-ին ընդունել է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի մի խումբ անդամների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել սերտ ու արդյունավետ համագործակցության համար: Նա նշել է, որ շուտով կլրանա խորհրդի կազմավորման 1 տարին, ու թեև կարճ ժամանակահատված է, սակայն արդեն շոշափելի են հասարակական խորհրդի կատարած աշխատանքն ու արդյունքները:

Վալերիյ Օսիպյանն ակտիվ հասարակական աշխատանքի, ոստիկանություն- հասարակություն կապն ամրապնդելու, ոստիկանության համակարգում մարդու իրավունքների հարցերի շուրջ կատարած անաչառ և անկողմնակալ հրապարակախոսական ու վերլուծական աշխատանքի համար հասարակական խորհրդի 13 անդամներին պարգևատրել է պատվոգրերով:

ՀՀ ոստիկանության պետը, շնորհավորելով պարգևատրվածներին, հույս է հայտնել է, որ համատեղ աշխատանքն ավելի դրական դինամիկա կստանա, ինչի հիմնական նպատակը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am