Ապրիլի 22-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր` ապրիլի 22-ին, խորհրդարանը կշարունակի աշխատանքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի ԵՊՀ, որտեղ կհանդիպի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա իր դիտարկումները կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, Թուրքիայի ժխտողական քաղաքականության վերաբերյալ:

Միգրացիոն ծառայությունում «Մեդիա և միգրացիա» ծրագրի շրջանակում տեղի կունենա հերթական հանդիպումը՝ «Վերադարձ, հետընդունում (ռեադմիսիա) և վերաինտեգրում» թեմայով։ Քննարկումը կլինի ինտերակտիվ ու կուղեկցվի հարցուպատասխանով։

Երևանում պաշտոնապես կտրվի «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպում է հանդիպում 2003-2006թթ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ՆԳ Անրի Կյունիի և ներկայիս դեսպան ՆԳ Ժոնաթան Լաքոտի հետ: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալ երկու դեսպանների անցած մասնագիտական ճանապարհին:

Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Համերգային ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am