Հայ արիներն ու համախմբված արիադավան ազգայնականները նշեցին Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի տոնը

Armenpress 15:05, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամորի (Մեծ Մոր - Աստվածամոր - Մայր Անահիտի) տաճարատարածքում ապրիլի 20-ին հերթական անգամ արեւածագը դիմավորեցին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից, այսօր արեւագալին մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը, որ կավարտվի վաղը՝ արեւամուտին, Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոներով:

Արիադավան հայերիս համար Զատիկը բնական տոներից է, երբ Մայր-Բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում նաեւ մարդկանց սրտերը: Առավոտյան ծիսակարգից եւ Մայր Անահիտին, Հայ Աստվածներին ուղղված ձոներգերից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ներկաներին բաժանեցին ավանդական կաթնահունց գաթաները: Եվ կրկին ըստ ավանդույթի, գաթայից Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի դուրս եկավ, ինչը նշանակում էր՝ հաջողակի օջախում էլ երեկոյան կշարունակվի հիմնական տոնը: Իհարկե, հայ արիներն ու հեթանոս ազգայնականները բոլորն էլ իրենց օջախներում կնշեն այս սրբազան տոնը՝ Զատիկը:

Մայր Աստվածուհու պատկերով արծաթե մատանին որպես նվեր հանձնեցին քրմերը, իսկ հաջողակը արժանացավ ձվախաղը սկսելու պատվին: Այնուհետեւ ակսվեց աշխույժ ձվախաղը, որն ավելի շատ ձվամարտի էր վերածվել հաղթական գոռում-գոչյուններից եւ հաղթողները մեծ հաճույքով էին հավաքում ու հաշվում իրենց «ռազմավարը»՝ բազմագույն ձվերը:

Ծեսից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները վերստին փառաբանեցին Մայր Անահիտին, որ պտղաբերությամբ լցնի հայոց մայրերի արգանդները եւ հայոց օջախների արտերն ու այգիները:

Ծեսի մասնակիցները Մեծամորից դեպի իրենց օջախները գնացին փառաբանելով Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին, հայտնեցին, որ սիրով սպասում են Նրանց իրենց ընտանիքներում, տոնական սեղանների շուրջ…



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am