Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

Armenpress 14:52, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա է եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Asbarez-ը, արարողությանը մասնակցել են քաղաքապետ Էմիլի Գաբել Լադին և քաղաքային խորհրդի անդամները: Ներկաների թվում են եղել սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի խորհրդի անդամ Լոռա Ֆրիդմանը, Լոս Անջելեսի շրջանային կառավարիչ Քեթրին Բարգերը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Բըրբենքի մասնաճյուղի ներկայացուցիչները: «Բարոյականության տեսանկյունից շատ կարևոր է ասել ճշմարտությունը, քանի որ ցեղասպանությունը, ցավոք, ոչ թե անցյալին, այլ ներկային առնչություն ունեցող բան է: Այսօր մենք միացել ենք մեր հայազգի քույր-եղբայրներին, մայրերին և հայրերին՝ հայտարարելով, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, և ամեն ինչ կանենք, որպեսզի ապագայում նման բան չկրկնվի»,- ասել է Շիֆը: Ավելի ուշ երեկոյան վառվող մոմերով արարողություն է անցկացվել Բըրբենքի քաղաքապետարանի առջև:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am