Բիզնես ավտոմատացման նորարարությունները մեկ տեղում. Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Be Automated 2019» ցուցահանդեսը

Armenpress 14:46, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Be Automated 2019» բիզնես ավտոմատացման ցուցահանդեսը, որի նպատակն է խթանել ավտոմատացումը Հայաստանում, ընդգծել նրա դերն ու ֆունկցիոնալ կարևորությունը։ Ցուցահանդեսը հնարավորություն կտա ամրապնդել համագործակցությունը Հայաստանում բիզնես ավտոմատացման կազմակերպությունների միջև, ներգրավել նոր հաճախորդներ և աշխատակիցներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մակիչյան Քընսալթինգ» ընկերության տնօրեն Գրիգոր Մակիչյանը տեղեկացրեց, որ արդեն երկրորդ տարին են կազմակերպում այս միջոցառումը, նպատակն է խրախուսել և ավելի մասսայական դարձնել ավտոմատացումը:

«Մենք համախմբվել ենք մի գաղափարի շուրջ, որ բիզնեսի կառավարումն առավել արդյունավետ դառնա, դա էլ իր հերթին կնպաստի մեր տնտեսության զարգացմանը»,-ասաց նա:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ եթե ընկերությունները ցանկանում են մուտք գործել աշխարհի շուկաներ, լինել մրցակցային, ապա շատ կարևոր է ավտոմատացումը:

«Դա իր հերթին հիմնված է տվյալների մշակման, ժամանակակից  արհեստական բանականության, շուկայի ուսումնասիրության և դրա արդյունքների կիրառման հիման վրա: Այսօրվա միջոցառումը սովորեցնելու համար է, թե ինչպես կիրառել այն լուծումները, որոնք այսօր կան և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում: Հայաստանի շուկան փոքր է և սահմանափակ, հետևաբար մենք պետք է մտածենք այլ շուկաներ դուրս գալու մասին, իսկ դրա համար անհրաժեշտ է ժամանակին համընթաց  շարժվել՝ կիրառելով նորարարությունները»,-ասաց Հակոբ Արշակյանը: Նա ընդգծեց, որ նոր կառավարությունը չափից շատ կարևորում է տեխնոլոգիական առաջընթացը, այն ընկերություններին, որոնք ցանկանում են գրավել աշխարհի շուկաները:

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ առողջապահությունը չի կարող լինել առանց ավտոմատացման ու թվային տեխնոլոգիաների, հետևաբար հետաքրքրված են նորարարություններով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով:

«Ավտոմատացման գործընթացն առողջապահությունում շատ վաղուց է սկսվել, երբ նույնիսկ համակարգիչներ չկային: Այսօր հասել ենք այն փուլի, որ ավտոմատ համակարգերը, արհեստական բանականությունն օգնում է բժիշկներին ճիշտ ախտորոշումներ անել, ճիշտ դեղորայք նշանակել, արագացնում է պրոցեսը, որը բերում է ռեսուրսների խնայողությանը»,-ասաց Արսեն Թորոսյանը:Նախարարը տեղեկացրեց, որ ներկա փուլում ավտոմատացման, թվայնացման հետ կապված մի շարք աշխատանքներ են տարվում, մասնավորապես, էլեկտրոնային առողջապահությունն է, որն այս պահին գործում է ամբողջ Հայաստանում, սակայն զարգանալու մեծ տեղ ունի:

Հանդիսավոր բացումից հետո նախարարները, հյուրերը շրջեցին ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացան ավտոմատացման հետ կապված նրանց առաջարկած լուծումներին: Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 50 ընկերություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am