Գեղարքունիքի մարզի որոշ հուշարձանների տարածքներում իրականացվել են մաքրման աշխատանքներ

Armenpress 13:23, 20 Ապրիլ, 2019

ԳԱՎԱՌ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի հուշարձանների տարածքներում ՀՀ մշակույթի նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայությունը կազմակերպել եւ անցկացրել է մաքրման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, այդ աշխատանքներն իրականացվել են մարզի 38 համայնքների 44 հուշարձանների տարածքներում` 39 դպրոցների մոտ 530 աշակերտների եւ մարզում տեղակայված ՀՀ ԶՈւ զորամասերի զինվորների ուժերով: «Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 18 համայնքների մոտ 40 հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքները, որոնք նախատեսվել էին մեր ծրագրում, հետաձգվել են ու կիրականացվեն մայիսի ընթացքում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդին առնչվող որեւէ յուրահատուկ թեմա: 2019 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով՝ «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո: Մարզային ծառայության աշխատակիցները երեք հուշարձանների տարածքներում կարդացել են դասախոսական նյութ «Գյուղական լանդշաֆտներ» թեմայով: Ըստ Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի, որն ընդունվել է 2000 թ. հոկտեմբերի 20-ին, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ լանդշաֆտը մարդու կողմից ընկալվող մի տարածք է, որի բնույթը բնական եւ մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք է: Հայաստանի Հանրապետությունը 2004 թ. մարտի 9-ին, վավերացնելով «Լանշաֆտի Եվրոպական Կոնվենցիան», ստանձնել է բնական եւ ձեռակերտ լանդշաֆտների պահպանության, կառավարման եւ պլանավորման գործընթացի իրականացման պարտավորությունը: Հայաստանը ճանաչելի է աշխարհում իր բիբլիական բնապատկերներով՝ գեղեցիկ ուրվագծեր ունեցող բարձր լեռնաշղթաներով, խորը ձորերով, հարթավայրերով հոսող գետերով, դաշտավայրերում մշակվող խաղողի եւ մրգատու այգիներով, մարգագետնային եւ տափաստանային բուսականությամբ: Հայ ժողովրդի հոգեւոր եւ արժեքային համակարգին բնորոշ է լանդշաֆտի նկատմամբ զգայունությունը: Դրա վկայությունն է, օրինակ, Արարատ լեռը երկրի խորհրդանիշների շարքին դասելը: Բնության եւ մարդկային ստեղծագործության ներդաշնակության կատարյալ նմուշներ են հայկական ճարտարապետական հուշարձանները: Մեր ունեցած հարուստ ու բազմազան մշակութային ժառանգությունը, որի անբաժանելի մասն է կազմում լանդշաֆտը, կենդանի ապացույց է` փաստելու մեր դարավոր ու անմահ պատմության մասին, եւ յուրաքանչյուրիս պարտքն է՝ հոգատարությամբ ու խնամքով վերաբերել նրանց»,-կարեւորեց Գոռ Գասպարյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am