Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ անցումային արդարադատության հարցում շտապողականություն պետք չէ ցուցաբերել

Armenpress 21:57, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցումային արդարադատության հարցը ՀՀ կառավարության օրակարգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով օգտատերերի հարցերին պատասխանելիս:

«Մենք ունեցանք խորհրդատվություն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմները ՀՀ-ում կիրառելու հարցի շուրջ, ինչն, ըստ էության, անցումային արդարադատության տարրերից մեկն է: Այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկել, որովհետև այսպիսի մեխանիզմների արագ կիրառելն իր մեջ ռիսկեր է պարունակում: Որպեսզի չլինի այնպես, որ ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցինք, անհրաժեշտ է շտապողականություն չցուցաբերել: Այդպիսի մեխանիզմները չեն կարող մեկ կամ երկու ամսում ներդնել: Պետք է դրանք մանրամասն քննարկվեն, տրվեն միջազգային, տեղական փորձաքննության, այդ կարծիքները հավաքագրվեն, որպեսզի մենք համոզված լինենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ ուղղությամբ քաղաքական կամքը կա և ակտիվ աշխատանք տարվում է: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախատեսում են անցումային արդարադատության նախաձեռնությունը կյանքի կոչելու գործում ներգրավել խորհրդարանին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am