Երևանի փոխքաղաքապետն  ըստ ընթերցասեր հասարակության շահերի գրադարանների կառավարման համակարգի անհրաժեշտություն է տեսնում

Armenpress 21:09, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում գործող համայնքային 19 գրադարանների համակարգում առկա խնդիրներին ու դրանց գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային այցով եղել է մի շարք գրադարաններում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մենք չենք կարող Երևան քաղաքի համայնքներում ունենալ լավ, վատ և շատ վատ վիճակում գտնվող գրադարաններ՝ ոչ միայն շենքային պայմաններով, այլև սպասարկմամբ, մենեջմենթով, գրքային ֆոնդով, միջոցառումների քանակով: Ինչպես գիտեք, մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ Երևանը պետք է զարգանա համաչափ, և այս ոլորտում մենք նույնպես պետք է կարողանանք ապահովել համաչափ զարգացում, իսկ կառավարման ներկա համակարգը մեզ թույլ չի տալիս իրականացնել համաչափ զարգացում, որովհետև գրադարանների մի մասը ենթրակվում է վարչական շրջաններին, գրադարան կա, որը ենթարկվում է անմիջապես քաղաքապետարանին և այս կառավարումն, ըստ իս, արդյունավետ չէ»,- նկատում է փոխքաղաքապետը:

Ընդգծելով միասնական համակարգի ներդրման կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նկատում է՝ միայն այդ մոտեցմամբ է հնարավոր ոլորտում գրանցել ձեռքբերումներ:

«Ինչպես տեսնում ենք, այս գործող համակարգն ինքն իրեն սպառել է, և որոշ գրադարաններ ուղղակի իներցիայի ուժով ապրում են: Երևանի գրադարանների կառավարման նոր համակարգը պետք է բխի միմիայն քաղաքի ընթերցասեր հասարակության շահերից և պետք է բխի գրադարաններով ապրող ու իրենց ժամանակի որոշակի մասը գրադարաններում անցկացնող մարդկանց շահերից: Այն, ինչ մենք տեսնում ենք, որոշ տեղերում գոհացուցիչ է, որոշ տեղերում՝ շնորհակալության արժանի, բայց, ցավոք սրտի, շատ տեղերում նույնիսկ բավարար չէ, և այս մասով մենք անելիք ունենք», -  ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Կառավարման նոր մեխանիզմներ ու մոտեցումներ կիրառելու համար առաջիկայում մշակույթի վարչությունը կներկայացնի առաջարկներ:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ստուգայցով եղել է նաև  Նուբարաշենի երաժշտական դպրոցում և նորակառույց մանկապարտեզում:

Վարչական շրջանի  նոր նախակրթարանն առաջիկայում  իր դռները կբացի 132 սաների առջև:

Անակնկալ ստուգայցերը համայնքային կազմակերպություններ լինելու են շարունակական:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am