Իրաքում ՀՀ դեսպանը Բասրայի նահանգի պաշտոնյաների հետ քննարկել է հարաբերությունները զարգացնելու հարցեր

Armenpress 20:23, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ապրիլի 17-18-ը այցելել է Բասրա նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Ասաադ ալ Էդանիին (Assaad Al-Edani)։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Փոլադյանն ու նահանգապետ ալ Էդանին զրույցի ընթացքում ընդգծել են հայ և իրաքցի ժողովուրդների` պատմականորեն ձևավորված հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը, կարևորելով Բասրայի նահանգի տնտեսական հզորությունները և համագործակցության առկա ներուժը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստող քայլեր իրականացնելու շուրջ, նախանշել համագործակցության ուղիները՝ գյուղատնտեսության, գիտակրթական և առողջապահության բնագավառներում։

Դեսպան Փոլադյանը հանդիպել է նաև Բասրայի նահանգային Խորհրդի նախագահ Սաբահ ալ Բազունիի (Sabah al-Bazouni) հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ և բասրացի խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով, որ Իրաքի Բասրայի նահանգը միակն է, որտեղ հայ համայնքն ունի իր պատգամավորը։

Այնուհետև ՀՀ դեսպանը հանդիպել է Բասրայի նահանգի ներդրումների հիմնարկության նախագահ Ալաա Սալմանի (Alaa Salman) և Բասրայի համալսարանի ռեկտոր Սաջիդ Հասանի (Sajid Hasan) հետ, որոնց հետ քննարկվել են առևտրատնտեսական, ներդրումային և գիտակրթական բնագավառներում համագործակցության հեռանկարները։

Դեսպան Փոլադյանը այցելել է նաև Բասրայի Սբ Աստվածածին հայկական եկեղեցի և հանդիպել համայնքի ներկայացուցիների հետ՝ պատասխանելով նրանց մտահոգող հարցերին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am