ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության առաջին պարբերական զեկույցը

Armenpress 20:05, 19 Ապրիլ, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ), որպես պաշտոնական փաստաթուղթ, ապրիլի 18-ին տարածվել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ Արցախի Հանրապետության (ԱՀ) առաջին պարբերական զեկույցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցը ներառում է 1992-2018 թթ. ընկած ժամանակահատվածում դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվություն՝ Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և արձանագրված ձեռքբերումների մասին: ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին Արցախի Հանրապետությունը միացել է 1992 թ. նոյեմբերի 26-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշման հիման վրա: Զեկույցը պատրաստվել է ԱՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ, և հաստատվել ԱՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ: Զեկույցն ամբողջությամբ հասանելի է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am