ԱՄԷ դեսպանությունը պատրաստ է համագործակցել Գյումրու քաղաքապետարանի հետ

Armenpress 19:11, 19 Ապրիլ, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները Հայաստանի հետ կարող են նպաստել նոր ծրագրերի իրականացմանը նաև հանրապետության երկրորդ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 19-ին Գյումրի կատարած ճանաչողական այցի ժամանակ նշեց ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ԱլԶաաբին:Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ կարևորվեցին երկու երկրների հարաբերությունները: «Էմիրությունները 4 տարի առաջ են հիմնել դեսպանությունը Երևանում: Առանձնակի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ՝ տարբեր ոլորտներում, դա է վկայում նաև վերջերս ՀՀ նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի այցերը Էմիրություններ: Իրականում հարաբերությունների մեջ կա առաջընթաց և՛ տնտեսական, և՛ ներդրումային ոլորտներում: Ես նոր դեսպան եմ և իմ աշխատանքն է պահանջում տարբեր մարզեր այցելել՝ այդ հարաբերություններն ավելի զարգացնելու նպատակով: Էմիրությունները պատրաստ են համագործակցել Ձեզ հետ և իրականացնել մի շարք ծրագրեր»,-նշեց դեսպանը՝ տեղեկացնելով, որ 2019 թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում հայտարարված է Հանդուրժողականության տարի: «Կարող ենք նախ համագործակցել այն ծրագրերի շուրջ,որոնք դուք կառաջարկեք»,-նշեց դեսպանը հավելելով, որ մայիսի 2-ին մեծ պատվիրակություն է ժամանում Հայաստան մասնակցելու միջկառավարական հանձնաժողովին՝ ավելի ակտիվացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Դեսպանն ընդգծեց, որ ԱՄԷ-ից տարեկան մոտ 11.500 զբոսաշրջիկ է այցելում Հայաստան, շաբաթական 16 չվերթ է իրականացվում:Սամվել Բալասանյանը խոսեց մի շարք ծրագրերի շրջանակներում հնարավոր համագործակցության մասին՝ առանձնացնելով խնայողական էներգիայի, տարբեր տեսակի ապրանքների արտահանման և իրացման ոլորտը, ինչպես նաև Գյումրիում մեկ մանկապարտեզի կառուցման հարցը, որի իրականացման դեպքում քաղաքում ևս մեկ տնակային մանկապարտեզ կվերանա: Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ մանկապարտեզի հետ կապված ծրագիրն արդեն ներկայացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանություն՝ դեռ նախկին դեսպանին: Փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն էլ հույս հայտնեց, որ առաջիկայում աշխատանքներ կտարվեն զբոսաշրջիկների հոսքը նաև Գյումրի ուղղորդելու ուղղությամբ: Արտակարգ և լիազոր դեսպանը խոստացավ հետևողական լինել առաջարկներին, բացի այս առաջարկներից դեսպանի կողմից հնչեց նաև համայնքապատկան գյուղատնտեսական հողերում ծրագրեր իրականացնելու առաջարկը: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին նվերներով:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am