1000х90.jpg (78 KB)

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է տուգանքների ծանուցումներին ծանոթանալ նաև azdarar.am-ից

Armenpress 18:46, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հորդորում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցումների համար օգտվել նաև azdarar.am ինտերնետային կայքից և իրազեկվել փոստային ծառայության չհանձնած որոշումների առկայության մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս մասին ասվում է Ճանապարհային ոստիկանության հայտարարության մեջ։

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ:

Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ տրանսպորտային միջոցի հաշվառման կամ նախապես անձի կողմից հայտնված հասցեով:

Եթե փոստով ուղարկված որոշումը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում հանձնել հասցեատիրոջը, այն վերադարձվում է ուղարկողին՝ տվյալ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանություն և տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում: Այդ դեպքում որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելը ևս համարվում է պատշաճ ծանուցում:

Հնարավոր ոչ բարենպաստ հետևանքներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հորդորում է ծանուցումների համար օգտվել նաև azdarar.am ինտերնետային կայքից և իրազեկվել փոստային ծառայության կողմից չհանձնված որոշումների առկայության մասին»,-հայտարարում է Ճանապարհային ոստիկանությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am