«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է մերժել կամ ետ կանչել ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու նախագիծը

Armenpress 12:57, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է մերժել կամ ետ կանչել ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեր խմբակցությունում բուռն քննարկումներ ենք ունեցել՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անել: Գտնում ենք, որ պետք է օրենքը հիմա մերժել կամ ետ կանչել ու փորձագետներով, լսումներով աշխատել ու հասկանալ՝ ինչպես է հարցը լուծվում: Այն ժամանակահատվածը, որը ծախսվել է այս նախագիծը քննարկելու համար, բավարար չէ որոշում կայացնելու համար»,- նշեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am