ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալների, կալանավորված և ձերբակալված անձանց վերաբերյալ օրենսդրական մի շարք կետերում փոփոխությունների նախագիծը

Armenpress 10:32, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ:

Նախագիծն ընդունվեց 94 կողմ ձայնով: 

Նախագծով կարգավորվելու է դատապարտյալին մի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ, նույն տեսակի ՔԿՀ տեղափոխելու հարցը: Այսուհետ պետք է հաշվի առնվի նաև դատապարտյալի ու իր մերձավոր ազգականների հետ հնարավոր շփումների առկայությունը: Կալանավորված անձանց պետք է տրվի երկարատև տեսակցությունների հնարավորություն: Նախատեսվում է նաև վերացնել այն օրենսդրական սահմանափակումը, համաձայն որի կարճատև մեկնման իրավունք չեն կարող ունենալ այն դատապարտյալները, որոնք մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու համար: Երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարճաժամկետ մեկնում կտրամադրվի այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում: Նախագծով նախատեսվում է նաև նույնականացման քարտ տրամադրել կալանավորված և ձերբակալված անձանց: ՔԿՀ-ներում դատապարտյալներն այդ հնարավորությունը ունեին, իսկ ձերբակալված ու կալանավորված անձինք ոչ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am