Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են «Իմ քայլը» և «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամների միջև համագործակցության հաստատումը

Armenpress 21:57, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Էդիլ Հովնանյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերը` շեշտելով, որ այդ ուղղությամբ հիմնադրամը նոր սկզբունքներ ու աշխատելաոճ է որդեգրել: Ղազարյանը շեշտել է, որ հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Ի տարբերություն այլ հիմնադրամների, «Իմ քայլը» նախապատվությունը տալիս է ոչ թե առաջատար համալսարաններին, այլ այն մասնագիտություններին, որոնց պահանջարկն այսօր երկրում կա:

Էդիլ Հովնանյանը շեշտել է, որ հավատում է կրթության ուժին: Հանդիպմանը քննարկվել է նաև հիմնադրամի այլ ծրագրերի վերաբերյալ համագործակցության հաստատումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am