Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Երևանի բարեփոխված տրանսպորտային համակարգին ավտոբուսների մատակարարմամբ

Armenpress 21:40, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել ավտոբուսների արտադրության ոլորտի «Ռուսսկիե ավտոբուսի- Գրուպպա ԳԱԶ» ընկերությունը: ՍՊԸ-ի արտաքին տնտեսական դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման ծրագրում:

«Երևանի քաղաքապետարանն այսօր նոր ավտոբուսների ձեռքբերման հարցում առաջարկություններ է ստացել և ստանում ոլորտում հայտնի տարբեր ընկերություններից: Տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է Երևանում գործարկել 845 ավտոբուս:  Այժմ հստակեցվում են բոլոր այն չափորոշիչները, որոնց համապատասխան էլ կընտրվեն անհրաժեշտ ավտոբուսները»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովը, ներկայացնելով «Ռուսսկիե ավտոբուսի- Գրուպպա ԳԱԶ»-ի գործունեությունը, նշել է, որ ընկերությունն արտադրում է քաղաքային տիպի ավելի քան 20 բազային մոդելի ավտոբուսներ: Ընկերության ավտոբուսները զբաղեցնում են ռուսաստանյան շուկայի շուրջ 75%-ը: Մոդելային շարքի բազմազանությունը հնարավորություն է տալիս հաշվի առնել ավտոբուսների երթևեկությունը նաև բարդ տեղանքի պայմաններում: Ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության պահեստամասերի ու այլ բաղկացուցիչների կիրառումը հնարավորություն է տալիս ապահովել ավտոբուսների բարձր որակը: Դմիտրի Պիժիկովը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը մեկ անգամ ևս ընդգծել է, որ  քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանն ուղղված ցանկացած առաջարկ, որը կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am