Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ

Armenpress 18:33, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018 թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին կհատկացվի 19406.0 հազ. դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ հիմնավորման, 2018թ. այն չի կիրառվել, ինչն էլ ֆինանսական ծանր հետևանքներ է առաջացրել: Մասնավորապես, կուտակվել է մի քանի ամսվա աշխատավարձի պարտք: Հաշվի առնելով Մեղրու տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված խնդիրների լուծման առաջնահերթությունը, 2018 թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը:

Արդյունքում՝ օժանդակություն կցուցաբերվի հանրապետության ամենահեռավոր և ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի բնակիչներին և խթանվի համայնքում գյուղատնտեսական արտադրանքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am