Հայաստանի կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են տեսնում իրանական ցեմենտի համար տուրք սահմանելու պարագայում

Armenpress 17:31, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառուցապատող ընկերությունները իրանական ցեմենտի տուրքի սահմանման, հետևաբար՝ գնի բարձրացման պարագայում արդեն նախապես կնքված գործարքները վերանայելու և կառուցապատման արժեքների բարձրացման խնդիր են ունենալու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 18-ին Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված՝ ցեմենտի ներկրման տուրքի վերաբերյալ օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանը շրջանառության մեջ գտնվող և ԱԺ հանձնաժողովի հավանությանն արժանացած օրենքի նախագծի վերաբերյալ իրենց  վերապահումները ներկայացրեցին կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները:

«Կառուցապատողների համար առաջանալու են իրավական խնդիրներ: Կառուցապատողները նախքան շենքը կառուցապատել, ավարտելը գնման իրավունքի շրջանակներում պայմանագրեր են կնքում գնորդների, տարբեր մատակարարների, ծառայություն մատուցողների հետ: Կառուցապատողը պայմանական 1 քառ. մետրի համար 500 հազար դրամով պայմանագիր է կնքել պոտենցիալ գնորդի հետ, ստանձնել է պարտավորություն, որ այդ գնով պետք է փոխանցի գնորդին: Բայց եթե շինարարության ընթացքում ցեմենտի գինը թանկանում է, շինարարական կազմակերպությունները կառուցապատման արժեքի բարձրացման խնդիր են դնում և առաջանում են խնդիրներ, ճեղքվածքներ կամ ինքնարժեքի բարձրացում, շահույթի նվազում, որը նվազեցնում է կառուցապատման ոլորտում ներդրումներ կատարելու գրավչությունը»-ասաց  «Իսթեյթ Ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» ընկերության օտարերկրյա ներդրող-բաժնետիրոջ ներկայացուցիչ Կարեն Գասպարյան

Նրա կարծիքով՝ իրանական ցեմենտը միշտ եղել է ավելի մատչելի և որակյալ: Գասպարյանի կարծիքով՝ իրանական ցեմենտի գինը միշտ զսպող գործիք է հանդիսացել տեղական շուկայում արտադրողների համար, և ներկրվող ցեմենտի գնի բարձրացումը փակելու է  տեղական արտադրողների համար մրցակցության ապահովման վերջին լուսամուտը:

Կառուցապատող մեկ այլ ընկերության «Արթ քոմփանի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահե Պետրոսյանի կարծիքով՝ իհարկե տեղական արտադրողին պետք է պաշտպանել, սակայն նա նկատում է, իրանական ցեմենտը վաճառելու համար առանց այդ էլ խոչընդոտեր կան: «Մեր կլիմայական պայմաններում ցեմենտը մինչ Մեղրիից Երևան է հասնում, բավականին թանկանում է՝ տարբեր գնահատականներով 15-19 հազար դրամով: Այդ թանկացումն արդեն իսկ օգնում է բոլոր տեղական արտադրողներին, և պետական տուրք գումարելը, մեր գնահատականով, ներմուծմանը խիստ վնաս է հասցնելու: Իրանական արտադրանքը լավն է, ավելի արդյունավետ է, կարծում ենք, որ պետք է հնարավորություն տանք, որ տեղական արտադրողները պաշտպանված լինեն, սակայն ներմուծման համար էլ չփակենք դռները»,-նշեց նա:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը նշեց, որ վարչապետը հանձնարարականով ևս մեկ անգամ ,հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կկազմակերպեն՝ նախքան նման օրենքի ընդունումը:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք: Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկի վրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով: Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում: Ընկերությունից մեկնաբանել են՝ խնդիրն այն է, որ առաջարկվող նախագծով պետտուրք չի սահմանվում Իրանից ներկրվող կլինկերի համար, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում տեղական արտադրանքի համար:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am