1000х90.jpg (78 KB)

Շիրակում երեխաների մուտքը գիշերօթիկ խնամքի հաստատություններ կանխարգելելու ծրագրեր են իրականացվում

Armenpress 16:26, 18 Ապրիլ, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանում ապրիլի 18-ին ազդարարվեց «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում գործող գիշերօթիկ խնամքի հաստատությունները և հատուկ դպրոցները ձևափոխելու այլընտանքային համայնքահեն խնամքի ծառայությունների:Ծրագրի աշխատանքային թիմը նպատակները և գործողությունները ներկայացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին և Շիրակի մարզպետարանի կրթության, երեխաների պաշտպանության և սոցիալական աջակցության ոլորտում ներգրավված դերակատարներին, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և շահագրգիռ հասարակական կազմակերպություններին: «Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ընտանիքում մեծանալու, բարեկեցիկ և ապահովված կյանքի, պաշտպանված լինելու և մեր բոլորի աշխատանքն ու ջանքերը պետք է միտված լինեն այս խնդիրների լուծմանը»,-ողջունելով ծրագիրը՝ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Շիրակի մարզում ծրագրի շրջանակներում աշխատանքներ պետք է իրականացվեն երկու գիշերօթիկ հաստատությունում, երկու հատուկ դպրոցում և բոլոր հանրակրթական դպրոցներում: Ծրագրի արդյունքում այս հաստատություններում ապրող երեխաները կստանան հնարավորություն ապրելու և դաստիարակվելու ընտանեկան միջավայրում՝ միաժամանակ օգտվելով հասանելի համայնքային ծառայություններից։ Ծրագիրը կաջակցի նաև Շիրակի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանը և դերակատարների կարողությունների հզորացմանը: Միաժամանակ ծրագիրը նպատակ ունի կանխարգելելու երեխաների մուտքը գիշերօթիկ խնամքի հաստատություններ և նպաստելու նրանց վերաինտեգրմանը իրենց իսկ ընտանիքներում կամ այլընտրանքային ընտանիքահեն միջավայրում: Ծրագրի շրջանակներում նաև աշխատանքներ կիրականացվեն ներառական կրթության սկզբունքների ներդրման ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության որդեգրած պետական քաղաքականությանը համապատասխան: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել վեց մարզերում՝ Սյունիք, Լոռի, Շիրակ, Արմավիր, Կոտայք և Գեղարքունիք:«Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարությանը՝ վերափոխել հաստատությունները համայնքային ծառայություններ մատուցող կենտրոնների և հզորացնել ընտանիքները, որպեսզի վերջիններս կարողանան հոգ տանել իրենց երեխաներին»,-հանդիպմանը նշեց «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը: Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ: «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը աշխատելու է խնամակալ ընտանիքների ինստիտուտի հզորացման ու ներդրման ուղղությամբ։ «Եթե հնարավոր չլինի երեխաներին վերամիավորել իրենց ծնողների կամ խնամակալ ընտանիքների հետ, ապա Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրել և վերապատրաստել խնամատար ծնողների, և երեխաներին տեղավորել հնարավորինս նպատակահարմար խնամատար ընտանիքներում: Սա մի մոդել է, որ արդեն իսկ ներդրվել է այլ մարզերում, և համոզված ենք, որ կգտնենք հոգատար թեկնածու ծնողներ», - նշեց ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը:«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» եռամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, ուղղված է երեխաների պաշտպանության համակարգային լուծումների մշակմանը: Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծմանը: Այս ծառայությունները պետք է աջակցեն ընտանիքների հետ վերամիավորված կամ ընտանեկան միջավայրում ապրող երեխաների վերաինտեգրմանը համայնքներում և ընտանիքներում:Ներկայում ծրագրի թիրախ մարզերում երեխաների խնամքի հատուկ հաստատություններում ապրում է 1215 երեխա (54%-ը՝ տղա և 46%-ը՝ աղջիկ), և ծրագրի նպատակն է նրանց համար ապահովել ընտանեկան միջավայր: Ծրագիրն իրականացնում են Վորլդ Վիժն Հայաստանը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am