1000х90.jpg (78 KB)

Ֆրանսիայի հետ մենք ունենք եղբայրական հարաբերություններ. Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Լը Ֆիգարո» պարբերականին

Armenpress 16:27, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին: «Արմենպրես»-ին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տրամադրել են հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև. 

Հարց․ Ո՞րն է Փարիզ՝ Ձեր այցի հիմնական նպատակը։

Զոհրաբ Մնացականյան․ Ֆրանսիայի հետ մենք ունենք առանձնահատուկ, ինչպես ասում են՝ եղբայրական հարաբերություններ։ Մեր հարաբերությունների օրակարգը ընդգրկում է  քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իմ երրորդ հանդիպումն է Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Իհարկե, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ներկա էր 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Բացի այդ, Ֆրանսիան Եվրոպական Միության կարևորագույն անդամներից է, որի հետ Հայաստանը 2017թ․ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը։ Այս այցը հավելյալ ներդրում է մեր երկկողմ հարաբերությունների ամուր ճարտարապետության մեջ։

Հարց. Կարո՞ղ եք փաստել, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առկա է որևէ առաջընթաց։

Զոհրաբ Մնացականյան․ Երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպեցի իմ ադրբեջանցի  գործընկերոջը։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն  մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ ։

Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։  Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը։

Հարց․ Ավելի կոնկրետ, այդ հիշողության խնդրի հարցում առաջընթաց գրեթե չկա․․

Զոհրաբ Մնացականյան․ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ․ և նախագահ Մակրոնը վերջերս հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։

Այս որոշումը խորապես հուզել է հայ ժողովրդին։ Մեզ ցանկանում էին հիմնովին բնաջնջել երկրի երեսից։ Մենք վերապրել ենք, ամրացել ու զարգացել . սա հաղթանակ է։ Սակայն, դժբախտաբար, մենք դեռ կրում ենք Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության հետևանքները։ Այս ժխտողականությունը առնչվում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը։ Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009թ․։ Մենք հավատարիմ էինք այդ արձանագրություններին` պատրաստ լինելով  Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։

Հարց․ Որո՞նք են ձեր առաջնահերթությունները 2018թ․ գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց։

Զոհրաբ Մնացականյան․ Դրանցից են Եվրոպայի հետ համագործակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, բոլոր այն բարեփոխումները, ինչի համար ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Ես կնշեի նաև հարկային բարեփոխումները և տնտեսությունը։ Հայաստանն օժտված է շատ մեծ ներուժով։ Մեր թավշյա հեղափոխության դրդապատճառները ներքին էին, ոչ աշխարհաքաղաքական․ մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ, անգամ եթե մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am