Հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է. Սանասարյանը՝ քրեական գործի մասին

Armenpress 14:56, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց խոսել ՊՎԾ աշխատակիցների ներգրավմամբ քննվող քրեական գործի մանրամասների մասին՝ հավելելով, որ ունի լռելու պարտավորություն:

«Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում: Այն ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, ու ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի՝ չեն կարող դրա վրա խազ քաշել: Ես բնականաբար համաձայն չեմ դրա հետ ու վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով: Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին: Այո, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սանասարյանը՝ կառավարությունում պատասխանելով իրեն գործում որպես կասկածյալ ներառելու վերաբերյալ լրագրողների հարցերին: 

Նա նշեց, որ չի կարող հայտնել, թե ով ինչ ցուցմունք է տվել իր դեմ: «Կարող եմ ասել, որ որևէ կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել, քանի որ ես մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»,- ասաց ՊՎԾ պետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am