1000х90.jpg (78 KB)

Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը նշել է հիմնադրման 90-ամյակը

Armenpress 13:02, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում մեծ հանդիսությամբ նշվել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 90-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը տնօրինությունը պատրաստվել էր դեռևս անցած տարվանից:

1928 թվականին, երբ Մաշտոցի անվան պողոտան դեռ Ստալինի անունով էր կոչվում, կառուցվել է մայրաքաղաքի առաջին դպրոցը: Սկզբում այն յոթամյա բազմալեզու դպրոց է եղել, ուր հաճախել են տարբեր ազգության երեխաներ: 1928թ. հոկտեմբերին նշվել է Ստեփան Շահումյանի ծննդյան 50-ամյակը ու հենց այդ կապակցությամբ դպրոցը անվանվել է նրա անունով: Միջոցառման ժամանակ ներկայացվել է դպրոցի անցած ուղին, նշվել է, որ 90-ամյակին նվիրված դպրոցում այս տարվանից գործում է նաև թանգարան: Մեկ տարուց ավելի է, ինչ դպրոցը տնօրինում է Աննա Եղյանը:

«Հպարտ եմ, որ ղեկավարում եմ 90 տարին բոլորած այս կրթօջախը, սա նաև մեծ պատասխանատվություն է ինձ համար: Դպրոցն ունի հարուստ ավանդույթներ, ու մենք ամեն ինչ անում ենք ու անելու ենք, որ այդ ավանդույթները շարունակվեն: Շահումյանի անվան դպրոցն ունեցել է հայտնի շրջանավարտներ, ինչը հպարտանալու առիթ է: Մեր դպրոցի շրջանավարտներն են եղել Գրիգոր Խանջյանը, Գալյա Նովենցը, Ռաիսա Մկրտչյանը, Վանուշ Խանամիրյանը, Գևորգ Ջահուկյանը…»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է դպրոցի տնօրենը:

Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի ու Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am