Մի գազալցակայանը օրը հազար անգամ տուգանեք. Վարչապետն անդրադարձավ ՀԴՄ- ներ չտրամադրելու խնդրին  

Armenpress 12:48, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազալցակայաններում և բենզալցակայաններում ՀԴՄ-ներ չտրամադրելու խնդրին:

«Ինչո՞ւ չեք լուծում գազալցակայանների հարցը, ինձ ամեն օր ասում են, որ ցուցադրաբար չեն տալիս ՀԴՄ կտրոն ու ասում են` գազալցակայանների ու բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ, պարոն Մանուկյան, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալին, ԱԱԾ տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին`ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պաշտոնապես ասում են, որ կտրոն չեն տալիս:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն էլ ասաց, որ այդ հարցը ամենօրյա վերահսկողության ներքո է: «Իհարկե, արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան մենք, հարկային մարմինը չենք կարող հետևել ամեն մի գործարքին», - ասաց նա:

Վարչապետը հետաքրքրվեց, թե նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող են տուգանել կտրոն չտրամադրելու համար:

Ի պատասխանեց նշվեց, որ սահմանափակում չկա:

«Գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, հազար անգամ, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am