Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Armenpress 12:36, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ  2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Նարեկ Կարենի Սաֆարյանը զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ »:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբը, որը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ՝ ապրիլի 18-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, գրանցվել է Նարեկ Սաֆարյանի կենսաբանական մահը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am