Պետք է մշակել որոշակի վարքագծային կանոններ. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ջանջուղազյանի մասին Մարուքյանի հայտարարությանը  

Armenpress 12:20, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում անդրադարձավ Ազգային ժողովում իրեն պաշտոնանկ անելու հետ կապված հարցին:

«Այսօր իմ բացակայությունն ԱԺ-ում մեկնաբանվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ինձ պաշտոնանկ անելու նախագծի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի. կանոնակարգը որևէ մասնակցություն այս դեպքում ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում, հետևաբար իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան նշանակալի, որքան կարող է լինել ԱԺ-ում բոլոր հարցերի քննարկման ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նման արձագանքները պետք է վերլուծել և նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ։ «Եթե այդքան կարևոր է, չեմ կարծում, թե մեծ խնդիր է, եթե մենք կազմակերպենք բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարելով ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել այդ հարցը։ Խորհրդարանը չի հաստատել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը։ Կողմ էր միայն խորհրդարանական ընդդիմությունը։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր խոսքում նշել էր, որ նախարար Ատոմ Ջանջուղազյանը պետք է ԱԺ-ում լիներ, որովհետև հարցն իրեն է վերաբերում, և նրա չգալը վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am