Ինչո՞ւ է Թրամփը «պատերազմում» Կալիֆորնիայի դեմ

Armenpress 16:07, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի որոշումները շարունակում են միանշանակ չընդունվել երկրի որոշ շրջանակների կողմից՝  հակասությունների առիթ դառնալով այդ թվում նաև ԱՄՆ առանձին նահանգների և ԱՄՆ դաշնային կառավարության միջև: Այս հակասությունների թատերաբեմում է հայտնվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը, որն արդեն իսկ 46 դատական գործ է նախաձեռնել ԱՄՆ ներկայիս նախագահի դեմ:

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ Twitter-յան հայտարարությամբ, որը լարվածության նոր ալիքի պատճառ դարձավ: Իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը, մասնավորապես, նշել է.

«ԱՄՆ-ն ունի բացարձակ իրավունք փոխանցելու ձերբակալված ապօրինի ներգաղթյալներին Ապաստարան քաղաքներ: Մենք այսպիսով պահանջում ենք, որ նրանց մասին բարձր մակարդակով հոգ տանի հատկապես Կալիֆորնիայի նահանգը, որը հայտնի է իր վատ կառավարմամբ և բարձր հարկերով»:

Արձագանքելով ԱՄՆ նախագահի այս հայտարարությանը՝ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նման մտահաղացումհ անվանել է «անլուրջ», «ապօրինի» և «հիմար»: 

ԱՄՆ նախագահի և Կալիֆորնիա նահանգի միջև հակասությունների հիմնական պատճառը եղել և շարունակում է մնալ փախստականների թեման: Թրամփի նախագահ ընտրվելուց ի վեր նահանգի և ԱՄՆ նախագահի միջև տարաձայնությունների պատճառ են դարձել  Թրամփի մի շարք որոշումներ, որոնցից են, օրինակ, մուսուլման երկրներից ԱՄՆ եկողների դեմ կիրառված արգելքը, ինչպես նաև որոշումը՝  բաժանել փախստական երեխաներին իրենց ծնողներից՝ վերջիններիս  թույլ չտալով մուտք գործել ԱՄՆ:  Մարտ ամսին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատի է տվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգին ներգաղթի դաշնային օրենքներին միջամտելու համար (համաձայն ԱՄՆ Արդարադատության նախարարության՝ Կալիֆորնիայի իշխանությունները ձեռնարկում են հավելյալ քայլեր՝ պաշտպանելու ապօրինի միգրանտներին, որոնք հակասում են ներգազթի վերաբերյալ դաշնային  օրենքներին):  

Դաշնային և նահանգային մակարդակում ներգաղթյալների հարցով առկա հակասությունների արդյունքում՝ պաշտոնական Վաշինգտոնը շրջանառության մեջ է դրել այսպես կոչված «ապաստարան» սուբյեկտներ ձևակերպումը, որը ըստ Սպիտակ տան՝ վերաբերում է ԱՄՆ այն սուբյեկտներին, որոնք չեն ցանկանում ենթարկվել ներգաղթի դաշնային օրենքներին և համագործակցել պատասխանատու դաշնային մարմինների հետ: Նման սուբյեկտների ցանկում ներառված են ԱՄՆ ութ նահանգներ (Կալիֆորնիա, Կոլորդո, Իլինոյս, Մասաչուսեթ, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Օրեգոն, Վերմոնտ) և այդ նահանգների առանձին սուբյեկտներ (Կալիֆորնիա նահանգի մոտ 20 քաղաք և վարչական շրջան):   

Պետք է նաև փաստել, որ Կալիֆորնիա-Թրամփ ընդգծված հակասությունների պատճառ է  այն, որ Կալիֆորնիան տարիներ շարունակ համարվել է դեմոկրատական նահանգ և ներկայումս էլ Կալիֆորնիայի նահանգապետը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը:

Նշենք, որ առ այսօր Կալիֆորնան համարվում է ամենաշատ ներգաղթյալներ ընդունած ԱՄՆ նահանգը (այնտեղ 2018 թվականի տվյալներով՝ ներգաղթյալների թիվը կազմում է 10,437,630, մինչդեռ բնիկ ժողովրդի թիվը 28,216,576 է):

Ամփոփելով՝ նշենք, որ Թրամփի նման որոշման կյանքի կոչման հավանականությունն այդքան էլ մեծ չէ, և այս փուլում ԱՄՆ նախագահի կողմից նման հայտարարություններն ուղղակի նպատակ են հետապնդում նախընտրական շրջանում ճնշում գործադրել դեմոկրատների վրա՝ փորձելով մեծացնել իրեն աջակցողների թիվը հատկապես դեմոկրատներին աջակից համարվող նահանգներում: Իսկ գործնականում Թրամփը դժվար թե գնա նման քայլի, քանի որ դա կնշանակի, որ, ի վերջո, ԱՄՆ ընդունում է մեծ թվով ներգազթյալների, ինչին շարունակ ընդդիմանում է Թրամփի վարչակազմը: Մյուս կողմից դա էլ ավելի կսրի Թրամփի և ԱՄՆ առանձին նահանգների միջև լարվածությունը, ինչը չի կարող բխել Դոնալդ Թրամփի շահերից՝ որպես ԱՄՆ նախագահ:

Լիանա Հովհաննիսյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am