Սիմոն Մարտիրոսյանը միացել է Սիրիայի հայ համայնքի երեխաներին խաղալիքներ ու գրենական պիտույքներ նվիրելու նախաձեռնությանը

Armenpress 15:19, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հումանիտար  ականազերծման և  փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Նազելի Էլբակյանը,  Սիմոն Մարտիրոսյանն ակցիայի մասին մինչև Եվրոպայի առաջնությանը մեկնելն էր տեղեկացել, ցանկություն էր հայտնել մասնակցել ու խոստացել էր Հալեպի փոքրիկներին իր կողմից ուղարկվող խաղալիքները նախաձեռնության կազմակերպիչներին անձամբ փոխանցել վերադառնալուն պես: 

Մարդասիրական ակցիային օրեր առաջ միացել էր Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ:

Հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am