ՄԻԵԴ-ի վճիռների հետ կապված կարգապահական պատասխանատվության ենթարկված դատախազ չկա

Armenpress 14:48, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտման համար կատարված վճիռների հետ կապված կարգապահական պատասխանատվության ենթարկված դատախազներ չկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Գլխավոր դատախազ դառնալու առաջին օրից հետևողական եմ Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված բոլոր գործերով, դրանց  մասնակցող դատախազների գործողությունները ծառայողական քննության առարկա են դառնում: Եվ այդ ծառայողական քննության արդյունքներով կարող են հաստատվել, որ այդ խախտումները դատախազի համար այդ ժամանակ իր մասնակցության ընթացքում տեսանելի էին, և ինքը պարտավոր էր իրականացնել այլ գործողություն, քան իրականացրել է: Սակայն խնդիրն այն է, որ պատասխանատվության համար մենք վաղեմության ժամկետներ ունենք: Այս պահին կարգապահական պատասխանատվության ենթարկված դատախազ չունենք»,-տեղեկացրեց Դավթյանը:

Նա նաև նշեց, որ այդ ակտերից հետո իրենք  հետևություններ են անում, ներքին իրավական ակտեր են ընդունում, որ բացառեն նմանատիպ  խախտումները հետագայում:

Տարիներ առաջ Դավթյանը հայտնել էր, որ այն դեպքում, երբ Եվրոպական դատարանը կկայացնի համապատասխան որոշումներ՝ Հայաստանում անձի իրավունքների խախտման վերաբերյալ, իրենք ծառայողական քննության կանեն՝ այդ խախտման մեջ պարզելու դատախազի մեղավորությունը: Եթե դատախազի մեղավորության փաստ առկա լինի, ուրեմն դա կառաջացնի հետևանքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am