Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը. տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի

Armenpress 14:03, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: 

«Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի: Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ եւս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի:»,- գրել է Կարապետյանը:

«Նշված տարածքը հանդիսանում է Երևան համայնքի սեփականություն: Քանդման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Առաջիկայում տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի և կկանաչապատվի: Հանրային տարածքների վերադարձնելու ուղղությամբ մեր քայլերը լինելու են շարունակական: Այժմ գույքագրվում են Օղակաձև զբոսայգու մյուս օբյեկտները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am