Բասկետբոլի Ա լիգան արդարացրեց սպասելիքները. Պողոսյան  

Armenpress 15:08, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի հաջորդ մրցաշրջանում փոփոխված կանոնակարգ կունենա:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը: «Բասկետբոլի Ա լիգայի այս տարվա առաջնության հետ կապված մեր սպասումներն արդարացան: Շատ ծանր աշխատանքի արդյունք էր, բացեր կային, որոնք կփակենք և կսկսենք նախապատրաստվել հաջորդ տարվա առաջնությանը: «Արագած»-ն իսկապես արժանիորեն ամբողջ լիգայի ուժեղագույն թիմն էր: «Արագած»-ը մի քանի ուժեղացումներ կատարելով ունակ է միջազգային ասպարեզում հանդես գալ»,-ասաց նա:

Պողոսյանի խոսքով` կանոնադրությունը հաջորդ տարվա համար փոփոխության կենթարկվի և լեգիոնական քանակի հետ կապված սահմանափակումներ կլինեն, ինչպես նաև հնարավորություններ կստեղծվեն հայ բասկետբոլիստներին թիմերի կազմերում լինելու: «Իմ առաջարկը հետևյալը կլինի, որ երկու հայազգի բասկետբոլիստ միշտ լինեն դաշտում, սակայն պետք է հասկանալ, դա ընդունելի կլինի ակումբների համար»,- շեշտեց լիգայի նախագահը: «Մեծ աճը գրանցեցին հայ երիտասարդ բասկետբոլիստները, ովքեր սկսեցին որակական այլ խաղ ցուցադրել»,- ասաց նա:

Ա լիգայի եզրափակիչի չորրորդ՝ «Ուրարտու Վիվարո»- «Արագած» խաղում, «Արագածը» 97։87 հաշվով առավելության հասավ «Ուրարտու Վիվարո»-ի նկատմամբ և հռչակվեց Ա լիգայի չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց Ստեփանակերտի «Արցախը»:

Մրցաշարի լավագույն խաղացողներ ճանաչվեցին.

Լավագույն խաղարկող – Ժաքորի Փեյն («Արագած») Լավագույն պաշտպան – Դեշան Մետոքս («Ուրարտու Վիվարո») Լավագույն թեթև հարձակվող- Ալբերտ Թադևոսյան («Արցախ») Լավագույն ծանր հարձակվող – Շեյն Հենրի («Արագած»)  Լավագույն կենտրոնական - Արման Հակոբյան («Արթիկ – Ման Հոլդինգ») Լավագույն մարզիչ ՝ - Վլադան Գլավինիչ («Արագած»)

MVP-ն բաժին հասավ Ժաքորի Փեյնին «Արագած» ակումբից: Մրցանակակիրներին պարգևատրեցին Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: Ա լիգայի գավաթը հաղթող թիմին փոխանցեց «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am