Նիկոլայ Մադոյանը և Կամերային նվագախումբն իտալական գեղեցիկ ծրագիր նվիրեցին ունկնդրին

Armenpress 13:51, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեցուն դահլիճում և ջերմ ծափերի ներքո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ անցկացված համերգային երեկոն ամբողջությամբ կազմված էր իտալացի կոմպոզիտորների գործերից և այդ առթիվ կրում էր Italian Primavera խորագիրը: Մասնավորապես, նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Նիկոլայ Մադոյանի հետ ներկայացրեց Կորելլիի, Պերգոլեզիի, Վիվալդիի, Պագանինիի, Ռոսինիի ստեղծագործությունները:

Նիկոլայ Մադոյանը փաստում է՝ բազմիցս համագործակցել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Շատ բարձր կարծիք ունի նվագախմբի մասին, առանձնակի շեշտում է՝ այստեղ հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներ:

«Այս համերգով ողջունում ենք գարնան մուտքը: Համերգում ամբողջությամբ իտալական ծրագիր էր ընդգրկված: Պետք է ասեմ, որ իմ համերգային ծրագրերում մշտապես առկա են Պագանինիի գործերը, որոնց շնորհիվ ես ճանաչում ձեռք բերեցի: Կարծում եմ՝ նրա գործերն ամենադժվարն են ջութակահարների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Նիկոլայ Մադոյանը:

Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am