Հայաստանում հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվի «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո:
ՀՀ մշակույթի նախարարությունը, համագործակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում և Արցախում կանցկացնի բազմաբնույթ միջոցառումներ:
Միջոցառումների (կրթադաստիարակչական ծրագրեր, ճանաչողական այցեր, հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ) նպատակն է հնարավորություն ստեղծել հանրությանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը: