ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առանցքում հումանիտար մի շարք հարցեր էին. քաղաքագետի անդրադարձը

Armenpress 12:23, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն առանձնանում է՝ առանցքում ունենալով հումանիտար մի շարք հարցերի քննարկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ այդ համատեքստում կողմերից յուրաքանչյուրը տարբեր առաջարկներով է հանդես եկել և արտգործնախարարները քննարկել են: 

«Ներկայում մի քանի առաջարկների մասին է խոսվում,  մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ կազմակերպումը սահմանամերձ հատվածում: Այստեղ, ըստ էության, մենք գործ ունենք հրադադարի պահպանման մեխանիզմների հետ: Հաջորդն Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների և Հայաստանում ու Արցախում պահվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների տեսակցության հնարավորությունն է, ինչը բավական կարևոր է: Եվ մյուսը՝ լրագրողների փոխայցերն են: Այս բոլոր ուղղություններով, կարծես, թե քննարկումներ են ընթանում, ինչը դրական է»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Նա նշեց, որ այստեղ հետաքրքիրն այն է, թե այս գործընթացում որքանով է ներգրավված լինելու Արցախը: Օրինակ, Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցելության պարագայում արցախյան կողմը փաստացի պետք է մտնի գործընթացի մեջ: Շրջանառվում է նախնիների գերեզմաններին այցելելու  առաջարկը, ինչը իրագործելու դեպքում, կրկին Արցախը ներգրավվածությունը պետք է լինի:

Թե որքանով է իրատեսական, որ հումանիտար ոլորտում արված առաջարկները կյանքի կկոչվեն, քաղաքագետը նշեց, որ ներկայում դժվար է ասել, դա ցույց կտա ժամանակը:

«Ամեն դեպքում հումանիտար առաջարկներ անում է նաև Ադրբեջանը, այնպես չէ, որ դա միակողմանի է: Հետևաբար` կա հետաքրքրվածություն, իսկ թե ինչպես կգնա դրանց  կյանքի կոչման պրոցեսը, դեռ վաղ է խոսելը: Ադրբեջանը, կարծես, չի կարող միանգամից  մերժել խաղաղության օրակարգը և փորձում է որոշակիորեն դիրքավորվել, որ ճնշումը նվազեցնի իր վրա և չդառնա բանակցային գործընթացում ապակառուցողական կողմ»,-ասաց նա:

Հաջորդ առանձնահատկությունը, ըստ որի, առանձնացավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, ըստ Նարեկ Մինասյանի, այն էր, որ ՌԴ ԱԳ նախարարը մասնակցել է հանդիպմանը, ինչը վկայում է, որ Ռուսաստանը փորձում է  որոշակի ակտիվացման  գնալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am